Ազգային արժեհամակարգի և ազգային մշակութային կոդի պահպանման գործում «Սանասար» հիմնադրամը կարևորում է նաև ժամանցի, զվարճանքների որակն ու բովանդակությունը։ Խաղերը նույնպես կարող են և պետք է հարգանք առաջացնեն սեփական մշակույթի ու պատմության հանդեպ, ավելին իմանալու և կրթվելու խթան դառնան։

«Սասնա ծռեր» ինտերակտիվ ինտելեկտուալ խաղը այդպիսի խաղերի շարքից է։ Նրա հիմքում «Սասնա ծռեր» էպոսի սյուժեն է։ Դարերի խորքից ստացված ուղերձները տեղափոխում են խաղի մասնակիցներին հերոսների ժամանակները, հիշեցնում հանուն հայրենիքի նրանց կատարած սխրանքների մասին: Խաղը կառուցված է ակտիվ ֆիզիկական և մտավոր խնդիրների լուծման վրա․ մասնակիցները պետք է գտնեն հին ծածկագրերի բանալիները, կարողանան վերծանել քարտեզներ և հատուկ նշաններ, դրսևորեն ստեղծագործական մոտեցում և նույնիսկ աշխատեն որպես հետախույզներ։ Առաջադրանքները միտված են ընդգծելու փոխօգնության, ընդհանուր գործում յուրաքանչյուրի ներդրման կարևորությունը: Հետաքրքիր և դինամիկ խաղի ընթացքում մասնակիցները ծանոթանում են էպոսի սյուժեին, նրա հերոսներին և նրանց կյանքի սկզբունքներին, սովորում են ուս ուսի հաղթահարել խոչընդոտները և հասկանալ, որ յուրաքանչյուր ոք կարող է հաղթող լինել, դառնալ հերոս:

Խաղը մշակվել է «Սանասար» հիմնադրամի կողմից և կարող է անցկացվել ամառային ճամբարներում և այլ բացօթյա հարթակներում։ Նախատեսված է 10+ տարեկան երեխաների համար, մասնակիցների քանակը՝ 10-30 հոգի։ Խաղի անցկացման համար դիմել info@sanasar.am կամ զանգահարեք մեզ։